/ /

: :

ՀՐԱՏԱՊ

11.07.2021 07:37

Եթե Հայաստանի, Տավուշի ու Սյունիքի համար վտանգավոր թեկնածու կա, ապա առաջինը Ռոբերտ Քոչարյանն է

Եթե Հայաստանի, Տավուշի ու Սյունիքի համար վտանգավոր թեկնածու կա, ապա առաջինը Ռոբերտ Քոչարյանն է

Տեղադրված նկարում Ոսկեպար-Բաղանիս/Ոսկեվան ճանապարհն է՝ կապույտ և դրան շարունակող կարմիր գույնով, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան սահմանը Ոսկեպարից մինչև Կոթի։ Դեղինով Հայաստան-Ադրբեջան "սահմանն" է , որն ինչպես նկատում եք, համընկնում է ավտոմայրուղու հետ։ Նույնիպիսի իրավիճակ է նաև Կիրանց/Գետաշեն/-Ոսկեպար հատվածում, որտեղ Ոսկեպարի մի քանի ոլորանում անգամ "մտնում-դուրս ես գալիս" թշնամու "խորհրդային" տարածք։ 

 

Տավուշի մարզի այս և այլ հատվածներում Հայաստանի որոշ տարածքներ ընդհուպ Ադրբեջանի վերահսկողության ներքո են․ խոսքը հարյուրավոր հեկտարների մասին է՝ Ջողազի ջրամբարի հատվածում՝ մինչև Կոթի, ինչպես նաև Կոթի ու Բերդավան և այլ գյուղերում։ 2020թ․ հուլիսյան էսկալացիայի ժամանակ պարզ դարձավ, որ Բերդի տարածաշրջանում էլ կան միջազգայնորեն Հայաստանին պատկանող տարածքներ, որոնք թշնամու վերահսկողության ներքո են դեռ 90-ականների բախումներից հետո։ Չեմ խոսում այն հողատարածքների մասին, որոնք մշակելն անհնար է եղել տասնամյակներով հակառակորդի կրակոցների պատճառով, պատանդառության ու սպանությունների փորձերի և դեպքերի պատճառով։ Ու այս ամենի մասին չի խոսվել երբեք․․․․

 

Ոսկեպարի հեռավորությունը թշնամու մի քանի տարբեր դիրքերից չի գերազանցում 1 կիլոմետրը։ Գյուղը ամբողջությամբ թշնամու տեսադաշտում է։

 

Այնուհետ Բաղանիս գյուղն է՝ ստորին հատվածը կրկին ուղիղ թշնամու տեսադաշտում, իսկ նրա ամենախոցելի հատվածի հեռավորությունը թշնամու դիրքից 1,2 կիլոմետր է։ 

 

Նույնպիսի կամ մինչև 1,5 կիլոմետր է Բաղանիսի ու Ոսկեվանի հատման վայրում, /առաջին կարմիր գիծը դեղին գծանշված սահմանից/։ Իմ տունը և մեր թաղը հենց դեպի Բաղանիս գնացող հատվածում է՝ ուղիղ նշանառության տակ ու 1-1,5 կիլոմետրից ոչ ավել։ Երկրորդ կարմիր գիծը 2,7 կիլոմետր է սահմանից մինչև գյուղի ամենահեռավոր թաղամասը։ 

 

Հաջորդը Կոթին է՝ Ադրբեջանի հետ ամենաերկար ու բարդ սահմանով, բոլոր բարձունքներում ու երեք կողմից ադրբեջանական դիրքերով՝ առաջին երկու կարմիր գծերը՝ համապատասխանաբար 1,7 և 2 կիլոմետր, իսկ երրորդը՝ 3,5 կիլոմետր հեռավորությամբ։

 

Սրանք ընդամենը կարճ 4 գյուղերի մասին, սակայն թե Տավուշում, թե Նոյեմբերյանի տարածաշրջանում այլ սահմանամերձ գյուղեր էլ կան՝ Դովեղ, Բերդավան, Բարեկամավան։

 

Քարտեզն ու հեռավորությունները վերցված են ՄԻՊ պատրաստած տեսանյութից։

 

Այս տարածաշրջանում մարդիկ 3 տասնամյակ ապրել են հենց այդ իրողություններում՝ ուղիղ նշանառության տակ, կրակոցների տակ, շատ ժամանակ չեն կարողացել գիշերել իրենց տներում ու գնացել են հարազատների մոտ, շատ դեպքերում կրակոցների տակ ընկնելով ավտոճանապարհի այն հատվածում, որտեղից մինչև թշնամու դիրքը մի քանի հարյուր մետր է։ 

 

Երբ Սյունքում ու Գեղարքունիքում ադրբեջանի "նոր սահման ստացանք", ամենաառաջինը ու ամենալավը մենք՝ տավուշցիներս հասկացանք, թե դա ինչ խնդիր է լինելու մեր սյունեցի եղբայրների ու քույրերի համար։ 

 

Սակայն ամենազավեշտն այն է, որ այն "գործիչները", ովքեր աղմուկ բարձրացրեցին Սյունիքի կողքը հայտնված ադրբեջանական սահմանի կապակցությամբ, տասնամյակներով չեն էլ խոսել, լռել են Տավուշի այս նույնատիպ իրավիճակի կապակցությամբ։ 

 

Ավելին, թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի ղեկավարման ժամանակ շատ դեպքերում "կրակոցների" մասին չէին էլ հաղորդում հեռուստաընկերություններով, գյուղապետերին խնդրված էր չխոսել դրանց լրջության մասին /մի նախարար կար՝ ասում էին, որ բավական առատաձեռն նայում էր նրանց/, կամ էլ ԶԼՄ-ներին ներկայացնելիս ասեին, որ մարդիկ տեղում են, չեն վախենում, բնականոն կյանքը շարունակվում է․․․․ Ու այսպես առնվազն 2 վտանգավոր տասնամյակ․․․

 

Ավելին, հենց նույն երկու նախագահների ժամանակ նույն այս հատվածում միջդիրքային տարածությունն այնքան կրճատվեց, որ, օրինակ Ոսկեվանի ներքևի թաղամասն այլևս սկսեց անասուն չպահել, որովհետև այնտեղ, որտեղ պահում էին անասուններին, այլևս մեզ մատչելի չէր․․․ Այդ վիճակում է հենց մեր գյուղի մեր թաղամասը, որտեղ այլևս կով կամ ոչխար չեն պահում․․․ Բայց դե դրա մասին էլ չի խոսվել ու հայտնվել հասարակությանը, քանի որ փաստացի չեզոք գոտում գտնվող տարածքներից շատերն այլևս մեզ հասու չէին նրանց պաշտոնավարման շրջանում, ինչպես նախկինում․․․․

 

Էլ ավելին՝ 2000-ականների սկզբին Կիրանց-Ոսկեպար ոլորաններով ավտոճանապարհը կառուցելիս Ռոբերտ Քոչարյանն ու նրա ՊՆախարար Սերժ Սարգսյանը առանց միջազգային կամ այլ դեմարկացիայի "ճանաչեցին" Ադրբեջանի սահմանը ու նոր ավտոճանապարհը անց կացրեցին խորհրդային սահմանին զուգահեռ /չհիշելով, որ Ջողազի ջրամբարի մոտ էլ թշնամին ունի մեզանից վերցված տարածքներ/՝ համարելով, որ նախկին կարճ ճանապարհն անցնում է Ադրբեջանի տարածքով․ արդյունքում՝ 5 րոպեանոց ճանապարհը դարձավ 15-20 րոպեանոց ճանապարհ։ 

 

Այդ ժամանակ դեռևս տեղյակ չէինք, որ Արցախյան խնդրով բանակցություններում 1999թ․ Մեղրիի ու 2001թ․ Քիվեսթյան տարբերակով Ռոբերտ Քոչարյանը մեր "անունից" ու ստացած "մանդատով" նաև "ճանաչել" է Տավուշում Հայաստանի կողմից ադրբեջանական Ղազախի շրջանի "օկուպացիան", համարել է, որ սահմանային հարցեր կան ճշտելու, ու համապատասխան դրույթ էր ներառվել իր այն ժամանակվա "արժանապատիվ խաղաղության համաձայնագրի" նախագծում․․․ Ինչպես հիշում եք՝ Հեյդար Ալիևը դրանից հրաժարվեց, բայց արդյունքը մնաց ճանապարհի զիջումն այս հատվածում։ Հետագայում՝ Սերժ Սարգսյանի օրոք այդ ճանապարհը գոնե վերածվեց սահմանի երկայքնով տեղակայված մեր դիրքերի թիկունքային ապահովման ճանապարհի ապագայի իր անորոշություններով հանդերձ․․․

 

Ու եթե Հայաստանի նախկին իշխանությունները սեփական հանրությունից գաղտնի են պահել այս ամենը, իսկ այսօր էլ իրենց "դիստանցավորում" են այսօրվա զարգացումներից, Ալիևը հո լավ գիտի, թե իր հոր ու իր օրոք ինչպես են նրանք "հույս տվել" Ադրբեջանին, որպեսզի նա պատերազմ չսկսի /Ռոբերտ Քոչարյանն էր ասել, որ պատերազմի հետաձգման համար պետք էր Ադրբեջանին հույս տալ, ինչպես ինքն է արել/։

 

Ու այսօր "էլիտար" փարիսեցիությունը, պոպուլիզմը և երեսպաշտությունը նողկալի են․ ես նրանց Սյունիքասիրությանը չեմ հավատացել ու չեմ հավատում, քանի որ չեմ տեսել նրանց Տավուշասիրությունը, ավելին՝ Հայաստանասիրությունը․․․

 

Եթե 20 տարի ղեկավարել են ու չեն իմացել մեր սահմանի տեղը, ողբերգություն է, իսկ եթե իմացել են, բայց միայն այս տարի "Սյունիքասիրությունը" բռնեց, ուրեմն երեսպաշտ են․․․․

 

Հենց այս ամենի պատճառով էի ասում, որ նախընտրական շրջանում եթե Հայաստանի, Տավուշի ու Սյունիքի համար վտանգավոր թեկնածու կա, ապա առաջինը Ռոբերտ Քոչարյանն է, որը այս հարցերը ժամանակին բերել է Հայաստան-Ադրբեջան օրակարգ ու այսօր Ալիևը թուլացած ու պատերազմը տանուլ տված Հայաստանին պարտադրում է ու դեռ պարտադրելու է, քանի որ դեռ թույլ ենք։ Ու դրա համար ինքը շտապելու է, քանի դեռ Հայաստանը լիովին չի ապաքինվել և ոտքի կանգնել։

 

Ահա թե ինչու նման կոնֆիգուրացիայով ու նման ընդդիմությունով Ազգային ժողովը վտանգ է կամ առնվազն վտանգների համար դուռը լայն բացող է․․․ Ու չկա այն ընդդիմությունը, որը թույլ չի տա փակել այդ դուռն ու պատուհանը․․․ Ի վերջո՝ ոչ Քոչարյանը, ոչ Սարգսյանը չեն կարողանալու հրաժարվել կամ դեմ դուրս գալ նրան, ինչին համաձայնել են կամ ինչը ժամանակին անտեսել են․․․ Էլ չասած՝ այդ ամենին դեմ դուրս չգալու նրանց ներքին քաղաքական հաշվարկները․․․ 

 

Սահմանի ամեն մի միլիմետրի պատմությունը պետք է անգիր իմանալ, ու մտահոգությունս է, որ ներկա իշխանության մեջ էլ ցավոք այս ամենին ոչ իրազեկ, ոչ կոմպետենտ ու բեխաբարներ կան։ Այդտեղ հենց նույն սովետական շրջանում հազար անգամ քարտեզ է փոխվել, նախկին դավաճան որոշ ռայկոմի քարտուղարների ու սովխոզների ղեկավարների կողմից հողեր տրվել թշնամուն, ինչպես Բաղանիսի տարածքների դեպքում է եղել։ Ու սահմաններ են փոխվել․․․ Այդ ամբողջ պատմությունները ռեսուրս են, մեր ու իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքների կոնֆիգուրացիան իր դետալներով ակտիվ է, որոնք չիմանալը հանցագործություն կլինի։ 

 

Մեզ օր առաջ պետք է հզորանալ, ուժեղացնել բանակացային գործընթացում մեր դիրքերը, կատարյալ դարձնել մեր իմացությունները, ներգրավել պրոֆեսիոնալների, ամեն մի միլիմետրի համար պատրաստել բոլոր քաղաքական լուծումները, որ ամեն ինչ դեմ չտրվի ու այս ամենում սոսկ նախկիններին մեղադրելով /ինչի հիմքեր կան անշուշտ/ համաձայնություն տրվի անթույլատրելի բաների։ 

 

Չեմ ուզում որևէ կերպ մտահոգություններ հարուցել, բայց տեսանելի է, որ Ռուսաստանը հունվարի 11-յան ապաշրջափակամն պրոցեսը առաջ է բրդելու, Ադրբեջանն էլ՝ սահմանների, միջանցքների հարցերը։ Ու մեր կոնտրառաջարկները պետք է մշակված լինեն մի քանի տարբերակներով, էլ չասած՝ սահմանի անառիկ պաշտպանությունն էլ ապահովված լինի։ 

 

Մենք այսուհետ իրավունք չունենք մտածելու, թե մեզ ինչ-որ բան առաջարկելու են, որը կարող ենք մերժել ու մեզ հանգիստ թողնեն /ինչպես Արցախյան խնդրի դեպքում էր ողջ քաղաքական դաշտը մոլորության մեջ, թե անբարենպաստ տարբերակները կմերժենք, իսկ Ադրբեջանը պատերազմ չի սկսի/։ Մենք պետք է կարողանանք բարդացնել խաղը, կոնտրառաջարկություններ անել, որոնք կփոխեն կամ կպահպանեն մեզ ձեռնտու իրավիճակը։ Իսկ, սատանան մանրունքներ մեջ էլ է լինում, ինչպես ասացվածքն է ասում․․․

 

https://m.facebook.com/story.php?story_fbid=1684775385061287&id=100005865248939

Հետևեք մեզ սոցիալական կայքերում

  • Մենք Telegram-ում
  • Մենք Facebook-ում
  • Մենք Instagram-ում
  • Մենք Youtube-ում
  • Այս նյութը հասանելի է`

    Կարդացեք Նաև