/ /

: :

ՀՐԱՏԱՊ

27.06.2021 22:10

Վտանգավոր է Քոչարյանի ներկայությունը ԱԺ-ում

Վտանգավոր է Քոչարյանի ներկայությունը ԱԺ-ում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ֆրանսահայ գործարար Վալերի-Աշխեն Գործունյանը։

 

-Տիկի՛ն Գործունյան, հետևում էիք Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին։ Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները։

 

-Ըստ երևույթին ժողովուրդը որոշեց, որ Փաշինյանը նորից պետք է վերընտրվի։ Ընդհանուր առմամբ՝ ընտրություններն անցան արդար։ Հիմա մնում է, որ ժողովուրդը հուսախաբ չլինի: Փաշինյանին ընտրեցին՝ հուսալով, որ այս անգամ կաշխատի և դեմոկրատիա կհաստատի հայրենիքում։ Եթե նրա ասածները ճիշտ են, այսօր, անշուշտ, ամեն նորմալ հայ ուզում է, որ Հայաստանում օրենք լինի և օրենքը աշխատի: Բայց դրա համար պետք է Հայաստանի դատական համակարգը աղտոտվածներից մաքրվի, և օրենք գրողներն իրենք էլ պետք է մաքուր լինեն՝ առանց կոռուպցիայի աշխատեն: Մյուս կարևոր ոլորտը ԱԳ նախարարությունն է, որը պետք է շատ լուրջ աշխատի, որ Հայաստանն այս պատերազմական վիճակից դուրս գա, նորից պատերազմ չլինի, նորից հողեր չկորցնենք։ Պետք է պարոն Փաշինյանը շատ լուրջ նախարարներ և ինստիտուտներ ունենա: Այս անգամ նա պետք է շատ աշխատի և արագացնի քայլերը։

 

Ինչպե՞ս եք գնահատում, որ խորհրդարան են անցել նաև Քոչարյանի գլխավորած դաշինքն ու «Պատիվ ունեմ» դաշինքը՝ որի կազմում է նաև ՀՀԿ-ն: Խորհրդարանի ի՞նչ պատկեր մենք ունենք:

 

Վտանգավոր է նրանց ներկայությունը խորհրդարանում։ Ես ընդհանրապես չեմ վստահում պարոն Քոչարյանին: Այդ մարդն ամեն ինչի ընդունակ է, մենք ամեն օր կարող ենք վախենալ, որ մարդասպաններ կարող են հայտնվել և խախտել Հայաստանի ներքին հավասարակշռությունը: Այդ անձնավորությունը ամեն ինչի պատրաստ է, և դրա համար անգամ ես չեմ էլ պատկերացնում՝ ինչպես պետք է խորհրդարանում աշխատեն։ Այդուհանդերձ, այս երկու օրվա մեջ հանդարտություն  է նկատվում։ Նիկոլ Փաշինյանը շատ մեծ ուշադրություն պետք է դարձնի կադրերին, մենք տեսանք, թե Վանեցյանն ինչ սխալ կադր էր: Հուսամ, վարչապետը դասեր քաղել է:

 

Նիկոլ Փաշինյանը հանդիպումների, խորհրդակցությունների շարք է սկսել քաղաքական ուժերի ղեկավարների հետ: Ինչպե՞ս եք դա գնահատում:

 

Սա շատ լավ քայլ է, նորմալ դեմոկրատական կառավարության և պետության քայլ է: Մեծ հույս ունեմ, որ դրա շնորհիվ կկարողանա իր շուրջ ավելի շատ մարդ համախմբել, իրենց հետ աշխատել, որ Հայաստանը այս ճգնաժամից դուրս գա: Դա հույս կտա ժողովրդին, որ չլքեն հայրենիքը:

 

Սփյուռքում այս ընտրություններից առաջ տարատեսակ կարծիքներ կային. Մի մասն աջակցում էր Փաշինյանին, մյուս մասը, մասնավորապես, ՀՅԴ-ն՝ Ռոբերտ Քոչարյանին: Ինչպիսի՞ն է իրավիճակը հիմա:

Դաշնակցականները, բնականաբար, ուրախ չեն այստեղ, երևոււմ է, որ անշուշտ Փաշինյանի ընտրությունը իրենց համար լավ չէր, բայց այն սփյուռքահայերը, որոնք հետաքրքրված էին Հայաստանի կյանքով, իրավիճակով, նրանց մտահոգությունները փարատվել են: Մարդիկ արդեն հանգիստ են, որովհետև շատերս վախենում էինք քաղաքացիական պատերազմից ու հիմա շատ ուրախ ենք, որ դա տեղի չունեցավ: Ամենակարևորը տեղի ունեցան ժողովրդավարական ընտրություններ։ Հիմա եկել է աշխատելու ժամանակը, բոլորս ենք սպասում այդ աշխատանքին, ժամանակ չկա հապաղելու: Պետք է լուրջ աշխատանքներ իրականացվեն արդարադատության ոլորտում, ԱԳՆ-ում: Եթե այս երկուսը լավ աշխատեն, տնտեսությունն էլ կսկսի զարգանալ: Պետք է հետ բերել վստահությունը և ժողովուրդը նորից կվստահի իր կառավարությանը:

 

https://www.1in.am/2969464.html

 

 

 

Հետևեք մեզ սոցիալական կայքերում

  • Մենք Telegram-ում
  • Մենք Facebook-ում
  • Մենք Instagram-ում
  • Մենք Youtube-ում
  • Այս նյութը հասանելի է`

    Կարդացեք Նաև